Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Պետական արժանապատվության վերջնական անկման դրսևորումներ

Պետական արժանապատվության վերջնական անկման դրսևորումներ
21.06.2025 | 14:06

Ստամբուլում երեկ շատ շոգ էր։ Նիկոլը, թերևս, զգում էր այդ շոգի խեղդոցը՝ հատկապես պինդ կոճկված կոստյումի և կոկորդը սեղմող փողկապի առկայությամբ։ Իրոք, արևելյան թեյը չէր խանգարի, որը նա ավելի ուշ կխմի՝ իր աշխարհաքաղաքական «տիրոջ» հովանու ներքո, վերջինիս մեղմ, սակայն դիվական ժպիտի ուղեկցությամբ։ Ինքն էլ կժպտա։ Հոգին կփառավորվի, քանի որ իր բաղձալի նպատակը՝ պետության կազմաքանդումը, արդեն գրեթե իրագործված է։

Որևէ տեղ՝ գուցե մտքի խորքում, Նիկոլը զգում էր, թե ո՞ւր է եկել։ Նա գուցե գիտակցում էր, որ իրեն օդանավակայանում պատվի առած յենիչերներից 3-4-ը ընդամենը հինգ տարի առաջ Արցախում մորթում էին հային ու խեղդում հայկական քաղաքակրթությունը, սակայն նա վաղուց անցել է անդառնալիության կետը։ Հետդարձի ուղի չկա։ Նա գնում է առաջ՝ իր հետ անդունդը գլորելով ողջ հայությանը, որովհետև դա է դարձել նրա «պատմական» առաքելությունը։

Նիկոլի՝ այցը Թուրքիա ավելի շատ ուներ հոգեբանական և քաղաքական ենթատեքստ, քան դիվանագիտական։ Այդ ոտաբոբիկ քայլքը մզկիթում՝ խորհրդանշական արարք էր, որը հուշում էր ոչ թե համերաշխության ձգտման, այլ՝ իշխանության պահպանման նպատակով ամեն գնով զիջումների պատրաստակամության մասին։ Էրդողանի ժպիտը կարծես ասում էր. «Շնորհակալություն խոնարհությանդ համար»։

Համաձայնե՛ք, նիկոլական թրքահպատակ քաղաքականությունը այլևս պատրանք չէ։ Դա կայացած մի գործընթաց է, իսկ նրան Ստամբուլ ուղեկցողները սերտորեն կապված են Թուրքիայի քաղաքական, մշակութային, գուցե նաև հետախուզական շրջանակների հետ։ Սա այլևս պատմական երկխոսություն չէ, սա ազգային ինքնության տրոհման ծրագիր է՝ իրականացվող իշխանության պահպանման դիմաց։

Այս այցը ևս մեկ անգամ բացահայտեց վաղուց ապացուցված այն փաստը, որ Նիկոլը սեփական իշխանության մոլուցքի գերին է և պատրաստ զիջելու ամեն ինչ՝ ինքն իրեն պահելու համար։ Նրա կեցվածքը Ստամբուլում, ուղեկցող անձնակազմի՝ խորհրդանշական ընտրությունը, և ոտաբոբիկ քայլքը «Կապույտ մզկիթում»՝ միաժամանակ եղան քաղաքական հնազանդության, մշակութային ենթարկման և պետական արժանապատվության վերջնական անկման դրսևորումներ։ Այս ամենը պետք է դադարել դիտարկել որպես պարզ դիվանագիտական իրադարձություն։ Սա պատմության կեղծման փորձ է, ազգի՝ հոգեբանորեն ոչնչացման ծրագիր, որտեղ թուրքական շահը դառնում է հայաստանյան իշխող շրջանակների քաղաքական կրեդոն։

Ըստ էության՝ եթե ժողովուրդը շարունակի լռել՝ դիտելով ու հարմարվելով այս սահող դավաճանությանը, ապա ոչ թե Նիկոլը, այլ հենց մեր համազգային անտարբերությունն է դառնալու այդ անդունդի վերջնական պատասխանատուն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 205

Մեկնաբանություններ